ՀՀ քննչական կոմիտեն շուրջ 30 ծանուցում է ուղարկել 2024 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ տեղի ունեցած միջադեպի վկաներին, հայտնել է «Ժողովուրդ» թերթը։
Լրատվականը նշել է, որ ծանուցվածների մեծ մասն «Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամներ են, որոնց Քննչական կոմիտեն ամեն օր հրավիրում է հարցաքննության։
«Իրավապահները շարունակում են փնտրել վարչապետի կնոջ ներկայությամբ Ծիծեռնակաբերդում «դավաճան», «հողատու» բղավողներին, բայց նրանց ձայնը կա, իրենք չկան»,- գրել է թերթը:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հակոբյանին դիմավորել էին «Նիկոլ՝ դավաճան» վանկարկումներով։ Հակոբյանի հետ կապված միջադեպի առնչությամբ 1 անձի մեղադրանք էր առաջադրվել, նրա նկատմամբ կիրառվել էր ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը։