Հայոց ցեղասպանության պատմությանը «վերադառնալու» անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին ի պատասխան՝ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հիշեցրել է, որ ՀՀ Քրեական օրենսգրքում արդեն 20 տարի կա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող հոդված։
Տեղեկատվական անվտանգության մասնագետն ընդգծել է, որ եթե մարդկության դեմ հանցագործության հերքումը կամ արդարացումը կատարվել է ծառայողական կամ պաշտոնական լիազորություններով, ապա անձը կարող է ազատությունից զրկվել մինչև 4 տարի ժամկետով։
«Ըստ 136-րդ հոդվածի՝ Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ 150-250 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով»,- մեջբերել է Մարտիրոսյանը:
Նա մասնավորեցրել է, որ հոդվածի երկրորդ մասը նախատեսում է՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով:
Փաշինյանը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Հայոց ցեղասպանության պատմությանը «վերադառնալու» անհրաժեշտության մասին։ «Պետք է հասկանանք, թե ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ։ Իսկ ինչպե՞ս ենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով։ Ինչպե՞ս եղավ, որ 1939-ին Հայոց ցեղասպանության օրակարգ չկար, բայց 1950-ին հայտնվեց»,- ասել էր Փաշինյանը։
2024 թվականի հոկտեմբերին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի մտնում Երևանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ։