«Սիվիլիթաս» հիմնադրամը («ՍիվիլՆեթ»-ի մայր կազմակերպություն – խմբ․) դատական հայց է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։
Ըստ հրապարակման՝ «Սիվիլիթաս»-ն Ավինյանից պահանջել է Factor.am-ի ուղիղ եթերում հրապարակային ներողություն խնդրել հիմնադրամից՝ «Լրատվամիջոցները մեզ համար մեծ աղբանոց են դարձել» արտահայտության համար, ինչպես նաև կայքում հրապարակել դատարանի որոշման վերջնական մասը։
Ավինյանը 2024 թվականի դեկտեմբերի 18-ին Factor TV-ի եթերում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ժամանակ հայտարարել էր, որ հայկական լրատվամիջոցները «վերածվել են մեծ աղբանոցի»՝ ի պատասխան հետաքննական հոդվածում իրեն և իր ընտանիքին առաջադրված մեղադրանքների։
Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հիմնադրամն Ավինյանից դրամական փոխհատուցում չի պահանջում։ Մինչդեռ, ըստ նրա, ինքը՝ Ավինյանը նախկինում հիշյալ հոդվածով հայց է ներկայացրել դատարան հերքման և 3 մլն դրամի պահանջով։