Անկարան Պեկինից պարզաբանումներ է պահանջել՝ Հայաստան առաքված չինական տուփերի օգնության վրա Արարատ լեռը հիշատակելու հետ կապված:
«Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Համի Աքսոյին, հայտնում է, որ Անկարայում Չինաստանի դեսպան Դենգ Լիից և Չինաստանի արտգործնախարարությունից պահանջել են բացատրություն տալ հումանիտար օգնության արկղերի վրա «Արևելյան Թուրքիայի Աղըրի լեռան» վկայակոչման հետ կապված:
Գործակալության համաձայն՝ դեսպան Դենգը հայտնել է, որ Հայաստանի համար մարդասիրական օգնության բեռը պատրաստվել է ՉԺՀ-ի նահագներից մեկի տեղական վարչակազմի կողմից և ուղարկվել է մասնավոր ընկերության կողմից, ընդ որում՝ տեղական ղեկավարությունը տուփերի վրա տեղադրել է միայն չինարեն տեքստ, որը չի պարունակել լեռան մասին հիշատակություն:
Ըստ Չինաստանի դեսպանի՝ «Աղըր լեռան վկայակոչումն անգլերեն տեքստում հետո է հայտնվել»:
Համի Աքսոյի խոսքերով, Չինաստանի դեսպանը նշել է, որ դեպքը մանրակրկիտ հետաքննվում է, և արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի: «Չինաստանի դեսպանը կրկին շեշտեց Պեկինի անփոփոխ դիրքորոշումը Թուրքիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հարցում», – նշում է գործակալությունը՝ Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցչին հղում անելով: