Լոռու և Տավուշի մարզերի մարզերի մի շարք բնակավայրերում ջրհեղեղի վնասների հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվում են ուսանողների կամավորական խմբեր, հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
ԿԳՄՍ-ի փոխանցմամբ՝ բնական աղետի հետևանքով տուժած բնակավայրերում աշխատում են մարզային բուհերի կամավորները, ինչպես նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Փրկարարական գործ» մասնագիտությամբ սովորող ուսանողների 30-հոգանոց խումբը՝ 4 դասախոսների ուղեկցությամբ։
«Ներկայում կամավորական աշխատանքներում ներգրավելու նպատակով ՀՀ տարբեր բուհերում ռեկտորատների և ուսանողական խորհուրդների կողմից հավաքագրվում են խմբեր՝ աղետից տուժած բնակավայրեր մեկնելու նպատակով»,- նշվում է ԿԳՄՍ տարածած հաղորդագրության մեջ։
Ուսանողներին կամավորական աշխատանքներին ներգրավվելու կոչ է արել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Աղետի գոտում կամավորների աջակցության կարիքի մասին հայտարարել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նրա խոսքով՝ օրական 200-300 կամավորի կարիք է լինելու։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, զոհերի պատճառ դարձել։ Ավերվել էին կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել էին գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել է երկաթուղային ենթակառուցվածքը:
Վարարել էին Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև է եկել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։
Ներքին գործերի նախարարությունը մայիսի 27-ին հրապարակել էր Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով զոհված 4 քաղաքացիների անունները։ Մայիսի 28-ին կառավարությունը Լոռու և Տավուշի մարզերի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։