Փորձում ենք մաքսիմալ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որ չվնասեն ԼՂ հուշարձանները, տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ Armenia Today-ի հարցին ի պատասխան հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը։
Նա նշել է, որ փորձում են օգտագործել միջազգային հարթակներն ու այդ միջոցով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։
Մեր թղթակցի հարցին՝ ի՞նչ քայլեր է նախարարությունն անում ԼՂ հուշարձանները հավաքագրելու ուղղությամբ, փոխնախարարը հայտնել է, որ բոլոր հուշարձանները գույքագրվում են։
«Այն, ինչը գույքագրված չէ, գույքագրվում է, այն, ինչը գույքագրված է, լրամշակվում է»,-ասաց նա։
Անդրադառնալով Շուշիի գորգերի թանագարանի խնդրին ու Հայաստանում այն վերաբացելու պահանջին, նա նշեց, որ մի քանի անգամ համագործակցության տարբեր ձևաչափեր են առաջարկել թանգարանի տնօրինությանը։
«Այն, ամեն դեպքում, մասնավոր թանգարան է։ Այդ տեսանկյունից Հայաստանում Շուշիի գորգերի թանգարան չենք կարող բացել, բայց կարող ենք համագործակցել»,-հավելել է փոխնախարարը։
Հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը միջազգային հանրության անգործության պայմաններում զգուշացրել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 42-րդ նստաշրջանում ունեցած ելույթում կոչ էր արել կազմակերպությանը առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ հայկական մշակութային ժառանգության անկախ մոնիտորինգի և քարտեզագրման համար:
Նոյեմբերի 14-ին Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը հայտնել էր, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը: