Մոսկվայում հունիսի 3-ին կայացել է եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ նիստը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության կայքը։
«Կողմերը քննարկել և մոտեցրել են դիրքորոշումները սահմանային, մաքսային և այլ վերահսկողության, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկության վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նիստի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև «Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցություն ապահովող ավտոմոբիլային ճանապարհի անցման հնարավոր ուղիների վերաբերյալ»:
Նշվում է, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ կողմերը կշարունակեն աշխատանքը: