ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին տեղեկատվությունն Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
«Ծառուկյանի վիճակը լավ է, հոսպիտալացման կարիք այս պահին չունի։ Թեթև ջերմում է, ինքնամեկուսացել է իր տանը»,- ասաց Խաչատրյանը։
Պաշտպանը նաև հայտնեց, որ Ծառիկյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին, իսկ դատական նիստը նշանակվել է հուլիսի 2-ին, ժամը 12։00-ին։
«Հասկանալի է, որ դատական նիստին պարոն Ծառուկյանի մասնակցության մասով խնդիր կա։ Հնարավոր է պաշտպանական խմբով պարոն Ծառուկյանի հետ քննարկենք և նիստը մի քանի օր հետաձգման համար դիմում ներկայացնենք դատարան, քանի որ պարոն Ծառուկյանն էլ է ցանկություն ունի նիստին ներկա գտնվելու ու ելույթ ունենալու և իր դիրքորոշումը հայտնելու թե՛ դատախազության, թե՛ մեր կողմից ներկայացված բողոքների վերաբերյալ»,- ասաց Խաչատրյանը։
Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում էլ հրապարակվել է տեսանյութ, որին կից գրվել է․
«Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում։ Առողջություն բոլոր վարակակիրներին: Աստված պահապան մեզ բոլորիս»։