Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ակունք, Ծովինար, Մարտունի, Վարդաձոր, Ծովակ, Նորատուս, Լճաշեն համայնքներ: Այս մասին հայտնում են Վարչապետի աշխատակազմից:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, տնտեսության զարգացման հեռանկարներին ու հնարավորություններին։ Հանդիպումները սկսվել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Յուրաքանչյուր համայնքում վարչապետ Փաշինյանը հնչեցրել է տվյալ համայնքներից զոհված հայորդիների անունները, այցելել է զոհերի շիրիմներին:
Վարդաձոր համայնքում Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը։
Ակունքում, դիմելով համայնքների բնակիչներին՝ վարչապետը նշել է.
«Ժողովուրդ, պատերազմից հետո, ես հեռուստաուղերձում մի անգամ ասացի, որ այո, կարծում եմ՝ մեր բանակը, Զինված ուժերը հերոսական կռիվ են տվել այս պատերազմի ընթացքում: Եվ երբ օդում կախված հարց կար՝ ինչպե՞ս, 2-րդ բանակային կորպուսի օրինակը դրա ամենավառ օրինակն է, երբ 2-րդ բանակային կորպուսից մինչև 9-րդ պաշտպանական շրջան, մեր բանակն ամուր պաշտպանական գիծը պահել է:
Եվ սա փաստ է, մենք պետք է մեր սպաներին, զինվորներին, գեներալներին արժանին մատուցենք: Պետք է հասկանանք՝ ինչն է պատճառը, որ այնուամենայնիվ 9-րդ պաշտպանական շրջանի այդ ճեղքումը տեղի ունեցավ, որը ցավոք, հետագայում չհաջողվեց կանգնեցնել: Բայց այստեղ մեր զինվորն է ներկա, մեր վիրավոր եղբայրը։ Այստեղ, համոզված եմ՝ պատերազմի մասնակից էլի մեր եղբայրներ կան, ու այսօր մեր ամենակարևոր անելիքը մեր պարտավորությունների կատարումն է մեր նահատակների ու մեր երեխաների առաջ: Եվ այդ պարտավորության կատարումը հետևյալն է՝ մենք պետք է զարգացած և բարեկեցիկ երկիր ստեղծենք: Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի զարգացած, բարեկեցիկ երկիր:
Պատերազմից հետո, անընդհատ, այդ խոսակցությունն է զարգանում: Չգիտեմ, որտեղից ծագեց, ով առաջ բերեց այդ խոսակցությունը. թուրքը մեր թշնամի՞ն է, թե թուրքը մեր թշնամին չէ: Հարցը այն չէ՝ թուրքը մեր թշնամին է, թե… Իհարկե, մեր թշնամին է: Այստեղ ով կա, որևէ նոր բան կարո՞ղ է ասել: Դա ասելով չէ, դա պատմական փաստ և իրողություն է: Բայց հարցը հետևյալն է՝ մենք պետք է, այո, հանուն մեր նահատակների և հանուն մեր երեխաների այդ թշնամությունը կառավարենք: Չի կարելի թույլ տալ, որ այդ թշնամությունն ընդհանրապես այս տարածաշրջանում դառնա անկառավարելի: Եվ ես հույս ունեմ, որ ժողովուրդն այս գաղափարը կընդունի և կաջակցի: Բայց մենք նաև հասկանում ենք, որ մեր միջավայրն էլ այդպես պետք է գնահատի, այդպես պետք է ընկալի իրավիճակը:
Այո, մեր Զինված ուժերը պետք է բարեփոխվեն, և մեր բանակը պետք է լինի շատ ավելի հզոր, քան եղել է պատերազմից առաջ: Բայց նաև մենք պետք է երեխաների համար մանկապարտեզներ կառուցենք, դպրոցներ կառուցենք, մարզադաշտեր կառուցենք»:
Մանրամասները՝ տեսանյութում.
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.