Իսրայելի և Սիրիայի նախարարները 25 տարվա ընթացքում առաջին անգամ բարձր մակարդակի բանակցություններ են վարել, հաղորդում է Times of Israel-ը:
Նրանք հանդիպել են Փարիզում հուլիսի 24-ին՝ ԱՄՆ Մերձավոր Արևելքի հատուկ բանագնաց Թոմ Բարաքի մասնակցությամբ։
«Այս երեկո Փարիզում հանդիպեցի սիրիացիների և իսրայելցիների հետ։ Մեր նպատակը երկխոսությունն էր ու լարվածության նվազեցումը, և հենց դա էլ իրականացրինք։ Կողմերը վերահաստատեցին ջանքերն առաջ մղելու պատրաստակամությունը»,- ասել է Բարաքը։
Սիրիայի կամ Իսրայելի կողմից դեռևս պաշտոնական արձագանք չկա։
Թեև վերջին ամիսներին լարվածությունը մեղմելու նպատակով կողմերն անուղղակի բանակցություններ էին վարել, նախկինում շրջանառվող լուրերն անձնական հանդիպումների մասին երբեք չեն հաստատվել։
Նման բարձր մակարդակի հանդիպում Սիրիայի և Իսրայելի միջև վերջին անգամ տեղի էր ունեցել 2000 թվականին, երբ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնն Արևմտյան Վիրջինիայում հյուրընկալել էր Իսրայելի վարչապետ Էհուդ Բարաքին և Սիրիայի ԱԳՆ ղեկավար Ֆարուկ ալ-Շաարային։
Սաուդյան լրատվամիջոցները երեքշաբթի օրը հայտնել էին, որ Իսրայելի և Սիրիայի միջև վերսկսվել են անվտանգության հարցերով երկխոսությունները՝ Դամասկոսում և Սիրիայի Սուեյդա նահանգում տեղի ունեցած բախումներից հետո։