Միացյալ Նահանգները և Իսրայելը խստորեն քննադատել են Պաղեստին պետությունը ճանաչելու Ֆրանսիայի մտադրությունը: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X-ում գրառման մեջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշումն անվանել է «անխոհեմ»։
«Միացյալ Նահանգները կտրականապես մերժում է Մակրոնի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պաղեստինյան պետությունը ճանաչելու ծրագիրը։ Այս անխոհեմ որոշումը միայն ծառայում է ՀԱՄԱՍ-ի քարոզչությանը և խոչընդոտում է խաղաղության հաստատմանը։ Սա ապտակ է հոկտեմբերի 7-ի իրադարձությունների զոհերին»,- նշել է Ռուբիոն:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, Reuters-ի հաղորդմամբ, հայտարարել է, որ պաշտոնական Փարիզի այս քայլը կլինի «պարգևատրություն ահաբեկչությանը»: Ըստ նրա՝ սա վտանգ է ներկայացնում՝ ստեղծելու իրանական ևս մեկ դաշնակից տարածաշրջանում։
Հուլիսի 24-ին Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզը սեպտեմբերին կճանաչի Պաղեստին պետությունը: