Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը սեպտեմբերին կճանաչի Պաղեստին պետությունը:
«Ես որոշում եմ կայացրել, որ Ֆրանսիան, հավատարիմ լինելով Մերձավոր Արևելքում արդար և տևական խաղաղության իր պատմական հանձնառությանը՝ ճանաչում է Պաղեստին պետությունը։ Ես այս մասին հանդիսավոր հայտարարություն կանեմ սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում»,- գրել է նա X-ում:
Նախագահը նաև ընդգծել է, որ այսօր անհրաժեշտ է շտապ դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում և օգնություն ցուցաբերել քաղաքացիական բնակչությանը: Մակրոնի խոսքով՝ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը, ազատ արձակել բոլոր պատանդներին և մասշտաբային մարդասիրական օգնություն ցուցաբերել Գազայի բնակիչներին:
«Մենք նաև պետք է երաշխավորենք ՀԱՄԱՍ-ի ապառազմականացումը, ապահովենք անվտանգությունը և վերականգնենք Գազան։ Ի վերջո, պետք է կառուցենք Պաղեստին պետությունը, ապահովենք նրա կենսունակությունը և վստահ լինենք, որ ընդունելով իր ապառազմականացումը և լիովին ճանաչելով Իսրայելը՝ այն ներդրում կունենա Մերձավոր Արևելքում բոլորի անվտանգության գործում»,- ասվում է գրառման մեջ։
2024 թվականի հունիսի դրությամբ՝ Պաղեստինի անկախությունը ճանաչել է ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից 147-ը։ 2024 թվականի հունիսի 21-ին Հայաստանը հայտարարել էր Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու մասին։