Ստամբուլում կայացել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը, կողմերը պայմանավորվել են ոչ միայն զինվորականների, այլև քաղաքացիական անձանց փոխանակումների մասին, հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը:
Բանակցությունները տեղի են ունեցել Չըրաղան պալատում և տևել են շուրջ 40 րոպե: Ըստ գործակալության՝ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլի շարունակություն չի լինի։ Նշվում է, որ բանակցությունների չորրորդ փուլի մասին որոշումը կկայացվի նոր պայմանավորվածությունների կատարումից հետո։
Ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ առաջարկել են ձևավորել երեք աշխատանքային խումբ, որոնք կաշխատեն առցանց:
«Դրանք կլինեն քաղաքական, հումանիտար և ռազմական հարցերով աշխատանքային խմբեր՝ ռազմական գերատեսչությունների համապատասխան մասնագետների կազմով։ Ուկրաինական կողմը ձեռնամուխ է եղել այդ առաջարկի քննարկմանը»,- հայտնել է նախագահի օգնականը։
Մոսկվան Կիևին առաջարկել է նաև դիտարկել կարճատև հրադադարների հնարավորությունը՝ վիրավորներին և մահացածներին վերցնելու համար։
Մեդինսկին նաև նշել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են փոխանակել յուրաքանչյուր կողմից առնվազն 1200 ռազմագերի, սակայն Մոսկվան առաջարկել է ավելի մեծ թվով գերիներ վերադարձնել։
Մայիսի 16-ին Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում անցկացրել էին 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները՝ պայմանավորվելով գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։ Երկրորդ փուլի արդյունքներով, որը տեղի էր ունեցել հունիսի 2-ին, Մոսկվան և Կիևը պայմանավորվել էին զոհված ուկրաինացի զինվորականների մարմինները հանձնելու, ծանր վիրավորում ստացած զինվորականների և 18-25 տարեկան գերիներին փոխանակելու շուրջ: