Իրանական կողմը համաձայնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) դիտորդների տեխնիկական խմբի այցին՝ գործակալության և Թեհրանի միջև հարաբերությունները քննարկելու համար, հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին:
«Պատվիրակությունն Իրան կժամանի ձևաչափերի քննարկման, այլ ոչ թե միջուկային օբյեկտներ այցելելու համար»,- դիվանագետի խոսքերն է մեջբերում Reuters-ը:
Նշվում է, որ պատվիրակության այցը տեղի կունենա առաջիկա շաբաթներին: Ղարիբաբադին նաև հայտնել է, որ հուլիսի 25-ին Ստամբուլում կմասնակցի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել մինչև օգոստոսի վերջ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածության չհասնելու դեպքում: