ԱՄՆ-ում գործող Astronomer տեխնոլոգիական ընկերությունը հայտնել է իր գործադիր տնօրենի՝ Էնդի Բայրոնի հրաժարականի մասին այն բանից հետո, երբ Coldplay-ի համերգի ընթացքում մեծ էկրանին էր հայտնվել նրա և գործընկերուհու՝ Քրիստին Կաբոտի գրկախառնության կադրը, գրում է BBC-ին։
Մասաչուսեթս նահանգի Ֆոքսբորոյի արենայում տեղի ունեցած համերգի տեսանյութում երևում է, թե ինչպես են տղամարդն ու իր գործընկերուհին հայտնվում մեծ էկրանին՝ գրկախառնված, բայց զույգը շուտով նկատում է տեսախցիկը, արագ կռանում և դուրս գալիս կադրից։ Այդ պահը, սակայն, գրանցել են համերգի տեսախցիկները և այն տարածվել է սոցիալական ցանցերում՝ հավաքելով միլիոնավոր դիտումներ։
Տեսարանից հետո Coldplay-ի մենակատար Քրիս Մարտինը կատակել է՝ ասելով՝ «կամ նրանք սիրավեպ ունեն, կամ պարզապես շատ ամաչկոտ են»։
Դեպքից անմիջապես հետո Astronomer-ն իր աշխատակիցների հարաբերությունների հետ կապված ներքին հետաքննություն էր սկսել, և գործադիր տնօրենին արձակուրդ էր ուղարկել։ Հուլիսի 19-ին ընկերությունը տեղեկացրել է, որ Բայրոնը հրաժարականի դիմում է ներկայացրել, և տնօրենների խորհուրդն ընդունել է այն։
«Astronomer-ը հավատարիմ է այն արժեքներին և կորպորատիվ մշակույթին, որոնցով առաջնորդվել է իր հիմնադրումից ի վեր։ Ակնկալվում է, որ մեր ղեկավարները կլինեն օրինակ՝ հաշվետվողականության և վարքագծի հարցում, սակայն վերջին օրերին այդ ստանդարտը չի պահպանվել»,- հայտարարել են ընկերությունում։