Իսրայելի հետ հրադադարը փխրուն է, հայտարարել է Իրանի Արտգործնախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է Tasnim-ը։
Նրա խոսքով՝ պատճառն ակնհայտ է, քանի որ հրադադարի մասին համաձայնագիր չի կնքվել։
«Մենք չէինք ուզում այս պատերազմը, բայց պատրաստ էինք դրան։ Չենք ցանկանում, որ այս պատերազմը շարունակվի, բայց լիովին պատրաստ ենք դրան»,- ասել է նախարարը։
Նա նաև նշել է, որ Իրանը դեռևս համոզված չէ, որ Վաշինգտոնն իսկապես մտադիր է վերսկսել Թեհրանի հետ միջուկային բանակցությունները։
«Կա համաձայնեցված գործարքին վերադառնալու հնարավորություն։ Բայց անհրաժեշտ է ամերիկյան կողմի իսկապես լուրջ վճռականությունը՝ հրաժարվել ռազմական տարբերակից և լուծում գտնել բանակցությունների միջոցով»,- շեշտել է Արաղչին։
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ԱՄՆ-ն հունիսի 22-ն, իր հերթին, հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Մեկ օր անց՝ հունիսի 24-ին, ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Թեհրանի և Թել Ավիվի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։ Հուլիսի 19-ին Թրամփն սպառնացել էր ոչնչացնել Իրանի միջուկային նոր օբյեկտները։