Մեծ Բրիտանիան և Եվրոպան ԱՄՆ-ին զգուշացրել են, որ Իրանի վրա ամերիկյան կողմի որևէ հարձակում կարող է «ահաբեկչական հարձակումների ալիք ծնել եվրոպական երկրներում», գրում է The Telegraph-ը:
Այս զգուշացումն արվել է Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից իրականացվող դիվանագիտական ջանքերի շրջանակում՝ ուղղված Իսրայելի և Իրանի միջև պատերազմին խաղաղ լուծում գտնելուն։
Լրատվամիջոցները հունիսի 19-ին հայտնել էին, որ Թրամփն արդեն հաստատել է Իրանի դեմ հնարավոր հարվածի պլանը, սակայն դեռ վերջնական հրաման չի տվել։
Եվրոպայի արտաքին գործերի նախարարները այսօր՝ հունիսի 20-ին, Շվեյցարիայի Ժնև քաղաքում կհանդիպեն Իրանի արտաքին գործերի նախարարի հետ՝ բանակցություններ վարելու նպատակով։ Դեյվիդ Լամը, Ժան-Նուել Բարոն, Յոհանն Վադեպֆուլը և Եվրամիության գլխավոր դիվանագետ Կայա Կալլասը կմասնակցեն հանդիպմանը, որը կարող է վերածվել վճռորոշ բանակցությունների՝ Միջին Արևելքում լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար։ Ժնևի բանակցությունները նպատակ ունեն վերակենդանացնել դիվանագիտական գործընթացը Վաշինգտոնի և Թեհրանի հետ միջև:
Իսրայելի և Իրանի միջև ութերորդ օրն է՝ շարունակվում են ռազմական գործողությունները։ Առաջին հարվածը հասցրել էին Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի 13-ի գիշերը՝ թիրախավորելով Իրանի ռազմական և արդյունաբերական օբյեկտները, որից հետո կողմերն ամեն օր փոխանակվում են հրթիռային հարվածներով, որոնք մարդկային զոհերի ու ավերածությունների պատճառ են դարձել։