Ամերիկյան դեմոկրատները միլիարդատեր և բարերար Ջորջ Սորոսի աջակցությամբ որոշել են ջանքեր գործադրել «Կապույտ Տեխաս» (Blue Texas) նախաձեռնության համար, հայտնում է The Wall Street Journal-ը։
Հունիսի 9-ին Տեխասի մեծամասնության կոմիտեն (Texas Majority PAC), որը ֆինանսավորվում է Սորոսի կողմից, նահանգի դեմոկրատական կուսակցության և շրջանային կուսակցությունների խմբի հետ համատեղ կգործարկի «Կապույտ Տեխաս» նախաձեռնությունը, որի նպատակն է տասնյակ հազարավոր կամավորների կազմակերպումը, թեկնածուների հավաքագրումը և ընտրողների մասնակցության բարձրացումը 2026 թվականի միջանկյալ՝ Սենատի ընտրությունների նախաշեմին:
«Կապույտ Տեխաս» նախագիծը ենթադրում է համագործակցություն Texas Majority PAC-ի, նահանգի և շրջանների դեմոկրատական կուսակցությունների միջև, որոնք «Կապույտ Տեխասի դաշինքի» (Blue Texas alliance) մաս են կազմում կամավորներ և թեկնածուներ ներգրավելու համար՝ սկսած հունիսին տեղի ունեցած հանրահավաքներից: Հուլիսին կազմակերպիչները նախատեսում են այցելել նահանգի ավելի քան երկու տասնյակ քաղաքներ:
Նշենք, որ ԱՄՆ-ում «կապույտ նահանգ» է կոչվում այն նահանգը, որտեղ նախագահական և այլ ազգային ընտրություններում հիմնականում քվեարկում են Դեմոկրատական կուսակցության թեկնածուի օգտին։
Նշվում է, որ Սորոսը նախկինում «միլիոնավոր» դոլարներ է ներդրել Տեխասը «կապույտ» դարձնելու համար, 2024 թվականին Texas Majority PAC-ին նվիրաբերել է 2,1 մլն դոլար, իսկ ապրիլին՝ 1 մլն դոլար:
Հոդվածում ասվում է, որ դեմոկրատների նախկին ջանքերը, որոնք ուղղված էին Տեխասում կուսակցության աջակցության ավելացմանը, էական արդյունքներ չեն տվել: ԱՄՆ-ի մեծությամբ երկրորդ նահանգը տասնամյակներ շարունակ հանրապետականների հենակետն է, վերջին երեք նախագահական ընտրություններում այնտեղ աջակցել են Թրամփին: 2024 թվականի ընտրություններում նա առաջ է անցել դեմոկրատ մրցակից Քամալա Հարրիսից գրեթե 14%-ով (56,1%՝ 42,5%-ի դիմաց)։
Հանրապետականները հաղթել են Տեխասի բոլոր նախագահական ընտրություններում 1980 թվականից ի վեր, իսկ նահանգի ընտրություններում հաղթած վերջին դեմոկրատ սենատորը Լլոյդ Բենթսենն էր 1988 թվականին: Ընդհանուր առմամբ՝ դեմոկրատները չեն հաղթել Տեխասի նահանգային ընտրություններում 1994 թվականից ի վեր: Նրանց հուսադրում է վերջին երկու տասնամյակում նահանգում իսպանախոս բնակչության աճը, սակայն այդ ժողովրդագրական տեղաշարժերը քիչ բան են փոխել ուժերի դասավորվածության հարցում, նշում է WSJ-ն: