Միլիարդատեր Իլոն Մասկի հայրը՝ գործարար Էրոլ Մասկը, Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տպավորիչ անձնավորություն է անվանել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Էրոլն ընդգծել է, որ ցանկանում է Պուտինից առաջնորդություն սովորել, սակայն չի պատասխանել հարցին, թե արդյոք պլանավորո՞ւմ է Մոսկվա կատարած այցի ժամանակ հանդիպել ՌԴ նախագահի հետ։
«Իմ կարծիքով՝ Պուտինը տպավորիչ անձնավորություն է, շատ տպավորիչ և կայուն։ Նա դա ապացուցել է»,- ասել է Էրոլ Մասկը՝ Մոսկվայում ընթացող «2050 թվականի ապագայի ֆորումի» շրջանակներում։
Մայիսի 29-ին հայտնի էր դարձել, որ Մասկը լքում է ԱՄՆ նախագահի վարչակազմը՝ իր ծախսերի կրճատման բարեփոխումների ձախողման և նախագահի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Մասկն ընդգծել էր, որ ցանկանում է կենտրոնանալ իր բիզնեսի վրա, որն սկսել է մեծ վնասներ կրել նրա քաղաքական ակտիվության հետևանքով։
Մասկը կոշտ քննադատության էր ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրինագիծը, որը նախատեսում է էական հարկային արտոնություններ։ Նա այն «զզվելի էր» անվանել: Ի պատասխան՝ Թրամփը դժգոհություն էր հայտնել Մասկից և սպառնացել չեղարկել նրա ընկերությունների՝ Tesla-ի և SpaceX-ի պետական պայմանագրերը։ Մասկը, իր հերթին, հունիսի 5-ին պնդել էր, թե առանց իր աջակցության ԱՄՆ նախագահը չէր կարող ընտրվել այդ պաշտոնում: