Իսրայելը Գազայում զենք է մատակարարում իսլամիստական խմբավորմանը՝ ՀԱՄԱՍ-ի վրա ճնշումն ուժեղացնելու նպատակով, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախկին նախարար և «Իսրայել Բեյթենու» աջ կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը, հայտնում է Times of Israel-ը։
Ըստ կայքի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արտոնել է զենքի փոխանցումն Աբու Շաբաբ զինված խմբավորմանը, որը հանդես է գալիս Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի իշխանության դեմ: Լիբերմանի խոսքով՝ «Իսրայելի կառավարությունը վարչապետի հրահանգով զենք է մատակարարում Իսլամական պետության հետ կապված հանցավոր խմբավորմանը»:
Նեթանյահուի կառավարության մամուլի ծառայությունը մեղադրանքներին չի պատասխանել՝ նշելով, որ Իսրայելը «տարբեր միջոցներ է ձեռնարկում ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարելու համար»:
Իսրայելի կառավարությունը շարունակում է Գազայի շրջափակումը և ռազմական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ՝ պահանջելով ազատ արձակել բոլոր պատանդներին: Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին երկու ամիսների ընթացքում մահացել է գրեթե 4000 մարդ, իսկ ՄԱԿ-ը նախազգուշացնում է կես միլիոն բնակիչների համար սովի աղետալի մակարդակի մասին: