Իրավապահները կալանքի կենթարկեն չեչենների կողմից առևանգված հայ գործարար Արեգ Շչեպիխինին, հայտնել է «Զոնա մեդիա»-ն։
Ըստ կայքի՝ նրան մեղադրել են մի քանի հոդվածով, որոնցից մեկը վերաբերում է «ատելության կամ թշնամանքի հրահրմանը»։
«Շչեպիխինն այժմ հարցաքննվում է Քննչական կոմիտեի կողմից: Քննիչները մտադիր են մոտ ապագայում նրան կալանքի տակ վերցնելու միջնորդություն ներկայացնել: Նրան սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում»,- ասված է հայտարարության մեջ։
«Օստրոժնո Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ձերբակալվածին ստիպում են ստորագրել գործի վերաբերյալ փաստաթղթեր, ինչը նա հրաժարվում է անել: Շչեպիխինի հարազատների խոսքով՝ փաստաբանը դեռևս չի կարողացել հանդիպել իր հաճախորդի հետ։ Հարազատները պնդում են, որ Արեգին զրկում են քնից: Ընտանիքը նման գործողությունների մասին բողոք է ներկայացրել նախորդ օրը, և միայն այսօր է քննիչն առաջին անգամ կապ հաստատել նրանց հետ, փոխանցել է Telegram-ալիքը։
Հունիսի 3-ին Մոսկվայի կենտրոնում՝ Յարոսլավսկի երկաթուղային կայարանի մոտ, մի քանի անձ բռնի ուժով հայ գործարարին թարթող լույսերով մեքենայի բեռնախցիկ էր նստեցրել և առևանգել: Տղամարդն օգնություն էր կանչել և խնդրել ոստիկանություն զանգահարել: Ըստ Չեչնիայի իշխանությունների՝ գործարարը չի առևանգվել, այլ «ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից»։