ՌԴ Խանտի-Մանսիական ինքնավար շրջանի Դուման կոմկուսի խմբակցության պատգամավոր, ազգությամբ ադրբեջանցի Թաղի-զադե Խալիդ Բոյուկագա օղլիին զրկել է շրջանային խորհրդարանի սոցիալական զարգացման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից՝ միգրանտների մասին նրա հայտարարությունից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տարածաշրջանային խորհրդարանի կայքին։
Նա ՌԴ կոմունիստական երիտասարդության միության հիմնադիրներից մեկն է։
Մայիսի 29-ին Թաղի-զադեն հայտարարել էր, որ Ուզբեկստանից ներգաղթյալներն իբր մեկնում են Յուգրա՝ «իրենց պատմական հայրենիք»։ Միևնույն ժամանակ, նա ավելացրել էր, որ ժամանակին Խանտի-Մանսիական ինքնավար շրջանի և Տյումենի շրջանի մի մասը Սիբիրյան խանության մաս էր կազմում, որը, նրա խոսքով, ղեկավարում էր Խան Կուչումը ՝ Շիբանիդների դինաստիայի վերջին ներկայացուցիչը, որը ծագումով Բուխարայի խան էր:
Այս հայտարարությունը հասարակական մեծ հնչեղություն է ստացել, քաղաքացիները կոչ են արել մանդատից զրկել պատգամավորին, իսկ ուժայիններին՝ ստուգել ՌԴ օրենսդրությանը համապատասխանությունը նրա հայտարարությանը։
Պատգամավորները նաև Թաղի-զադեից պահանջել են հրապարակային ներողություն խնդրել։ Նշվում է, որ ներկա պահին իրավական հիմքեր չկան նրա պատգամավորական լիազորությունների վաղաժամ դադարեցման համար։
Պատգամավորը «Վկոնտակտե» սոցցանցի իր էջում ավելի վաղ ներողություն էր խնդրել ասվածի համար և հայտարարել, որ իր հայտարարությունը «ենթադրություն էր, այլ ոչ թե կատեգորիկ պնդում»:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բոյուկագա օղլին հունիսի 3-ին հեռացել է ՌԴ-ից և ժամանել Ադրբեջան։