Միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ լքում է Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմն ԱՄՆ կառավարության ծավալը կրճատող գործընթացը ղեկավարելուց հետո: Իր X սոցիալական հարթակում արված գրառմամբ աշխարհի ամենահարուստ մարդը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (հայտնի որպես DOGE-խմբ.) ղեկավարելու հնարավորության համար։
BBC-ի տվյալներով՝ Սպիտակ տունը չորեքշաբթի գիշերն սկսել է Մասկին հատուկ պետական աշխատողի կարգավիճակից դուրս բերելու գործընթացը։
2024թ․ նոյեմբերին Թրամփը SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Մասկին նշանակել էր Կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի ղեկավարներից մեկը։ Ապրիլին Սպիտակ տնից հայտարարել էին, որ Մասկը կհեռանա, երբ ավարտի իր առաջադրանքները կառույցում:
BBC-ն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Մասկի՝ պաշտոնից հեռանալը համընկել է այն օրվա հետ, երբ քննադատել է Թրամփի օրակարգի օրենսդրական առանցքային նախագիծը, որը նախատեսում է բազմատրիլիոնանոց հարկային արտոնություններ և պաշտպանության ծախսերի ավելացում։