ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է ուսանողական վիզաների տրամադրման համար նոր հարցազրույցների անցկացումը, գրում է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Թրամփի վարչակազմը դիտարկում է ԱՄՆ-ում սովորելու համար դիմող բոլոր արտասահմանցի ուսանողների համար սոցիալական ցանցերի ստուգում անցնելու պահանջ սահմանելու հնարավորությունը, գրում է պարբերականը: Նման պարտադիր ստուգման նախապատրաստման շրջանակներում վարչակազմն ԱՄՆ դեսպանատներին և հյուպատոսական բաժիններին հանձնարարել է դադարեցնել ուսանողական վիզայի դիմորդների համար նոր հարցազրույցների պլանավորումը, ասված է հեռագրում, որն ստորագրված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից:
Թերթն ընդգծել է, որ նման ստուգման հնարավոր ներդրումը կարող է լրջորեն դանդաղեցնել ուսանողական վիզաների ձևակերպման գործընթացը։ Դա կարող է նաև վնաս հասցնել բազմաթիվ համալսարանների, որոնք մեծապես կախված են միջազգային ուսանողներից, ընդգծվում է հրապարակման մեջ:
Մայիսի 22-ին Թրամփի վարչակազմն արգելել էր Հարվարդի համալսարանին օտարերկրյա ուսանողներ ընդունել: Իշխանությունների կարծիքով՝ Հարվարդը չի կարող ապահովել հրեական ծագում ունեցող ուսանողների լիակատար անվտանգությունը՝ պաղեստինցի ակտիվիստների պատճառով, որոնք հանդես են գալիս Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների դեմ: Ի պատասխան՝ համալսարանը հայց էր ներկայացրել Բոստոնի դաշնային դատարան։ Դաշնային դատարանն արգելափակել էր այդ որոշումը: