ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայում հրադադարի հասնելու ձախողված փորձից հետո այս շաբաթ հնարավոր է՝ նոր պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ, հայտնել է ամերիկյան The Wall Street Journal (WSJ) պարբերականը՝ հղում անելով Թրամփի շրջապատի աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարը բանակցային գործընթացի դանդաղ ընթացքի պատճառով հիասթափված է։
Նոր սահմանափակումները, ամենայն հավանականությամբ, չեն ներառի Ռուսաստանի բանկային հատվածի դեմ ուղղված միջոցներ, նշել է WSJ-ի զրուցակիցներից մեկը։ Միևնույն ժամանակ, քննարկվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ճնշում գործադրելու այլ տարբերակներ, որպեսզի նրան ստիպեն զիջումների գնալ բանակցային սեղանի շուրջ, այդ թվում՝ համաձայնել Ուկրաինայի իշխանությունների առաջարկած 30-օրյա հրադադարի առաջարկին։
Սակայն, ինչպես գրում է պարբերականը, այս հարցով վերջնական որոշում դեռևս չի կայացվել, և Թրամփը կարող է հրաժարվել նոր պատժամիջոցներ սահմանելուց։
ԱՄՆ նախագահը մայիսի 26-ին քննադատել էր ռուս պաշտոնակցին՝ հայտարարելով, թե Պուտինը «խելքը գցել է»: Կրեմլն արձագանքել էր ԱՄՆ նախագահի դժգոհություններին։ Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վաշինգտոնը շատ մեծ ջանքեր է գործադրել Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններ սկսելու համար, ինչը ենթադրում է «էմոցիոնալ գերբեռնվածություն»։