Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում ուղիղ բանակցություններ են անցկացրել, հայտնում է ՌԲԿ-ն:
Շուրջ երկու ժամ տևած բանակցությունների արդյունքում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել է ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
Նրա խոսքով՝ առաջիկա օրերին կողմերը ռազմագերիներին կփոխանակեն «1000-ը 1000-ի դիմաց» սկզբունքով։ Մեդինսկին նաև հայտարարել է, որ Ռուսաստանն ի գիտություն է ընդունել Ուկրաինայի խնդրանքը երկու երկրների նախագահների միջև ուղիղ բանակցություններ անցկացնելու վերաբերյալ:
Մեդինսկին հայտնել է, որ յուրաքանչյուր կողմ մանրամասն կներկայացնի, թե ինչպես է տեսնում «ապագա հնարավոր հրադադարը»:
«Նման տեսլականի ներկայացումից հետո մենք նպատակահարմար ենք գտնում շարունակել մեր բանակցությունները»,- նրա խոսքերը մեջբերում է պարբերականը:
Նշվում է, որ ուկրաինական պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հաստատել է այդ պայմանավորվածությունները ՝ տեղեկացնելով, որ Կիևի առաջնահերթությունը հրադադարը և գերիների փոխանակումն է:
«Մենք նաև պոտենցիալ հանդիպում ենք նախապատրաստում երկրների ղեկավարների միջև»,- ասել է Ումերովը:
Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել 2022 թվականին ընդհատված ուղիղ բանակցությունները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Թուրքիայում կսպասի Ռուսաստանի նախագահին։ Վերջինս, սակայն, ռուսական պատվիրակության կազմում չէր: