Մարսելի 10-րդ շրջանում տեղի կունենա ֆրանսիական Դիմադրության շարժման հայ հերոսներ, հանուն ազատության Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իրենց կյանքը զոհաբերած Մելինե և Միսաք Մանուշյանների անունը կրող նոր դպրոցների հանդիսավոր բացում, հայտնում է Մարսելի քաղաքապետարանի պաշտոնական կայքը։
Այս միջոցառումը տոնական մթնոլորտում կմիավորի Մարսելի բնակիչներին. առավոտյան ժամը 10։00-ից կմեկնարկի քաղաքապետ Բենուա Պայանի մասնակցությամբ պաշտոնական արարողությունը, իսկ օրվա ընթացքում հյուրերին սպասվում է տոնավաճառ, խաղեր, սպորտային միջոցառումներ, քաղցրավենիք և ուրախ մանկական դիսկոտեկ:
Նոր դպրոցները փոխարինել են հին բլոկային շենքերը՝ առաջարկելով ժամանակակից, լուսավոր ուսուցման տարածք, ներառյալ գրադարանը, մարզադահլիճը և խաղահրապարակները: Նշվում է, որ կրթահամալիրը կդառնա առաջընթացի խորհրդանիշ և թաղամասի համար կյանքի կենտրոն՝ արտացոլելով հիշողությունն ու հարգանքը հերոսների հանդեպ։
Պայանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայիսի 5-ին ստորագրել էին քաղաքների միջև եղբայրական կապեր հաստատելու մասին փոխադարձ հռչակագիր: Երևանի քաղաքապետը համոզմունք էր հայտնել, որ ստորագրված հռչակագիրը կդառնա այնպիսի ծրագրի հիմք, որը կվերացնի ձևականությունները և կդառնա գործնական արդյունքների ու փոխշահավետ նախագծերի հարթակ։