Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է Ուկրաինայի հարցով բանակցություններն իր երկրում անցկացնելու Անկարայի պատրաստակամության մասին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմին։
«Թուրքիան պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ։ Խաղաղության հասնելու հնարավորությունների պատուհան է բացվել, և համապարփակ հրադադարը անհրաժեշտ պայմաններ կստեղծի խաղաղ բանակցությունների համար»,- ընդգծել Է Էրդողանը:
Նշվում է, որ Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել և Թուրքիայի ղեկավարը ողջունել է Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունները վերսկսելու մասին ՌԴ նախագահի հայտարարությունը։
Մայիսի 8-ից մեկնարկել էր ՌԴ նախագահի առաջարկած եռօրյա հրադադարը: Մայիսի 10-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանը կմտածի Կիևի՝ 30-օրյա հրադադարի առաջարկի մասին։
Մայիսի 11-ին Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել 2022 թվականին ընդհատված ուղիղ բանակցությունները։ Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է հանդիպել։