Պակիստանը Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է սկսել՝ «Բունյանում-Մարսուս» անվամբ, հայտնել է Geo TV-ն՝ հղում անելով Պակիստանի զինված ուժերի մամուլի ծառայությանը։
Ըստ աղբյուրի՝ սա «հակահարձակում է Հնդկաստանի ագրեսիայի դեմ» և իրականացվում է Հնդկաստանում գտնվող «բազմաթիվ թիրախների» ուղղությամբ։
Geo TV-ի հաղորդմամբ՝ առաջին փուլում ոչնչացվելու է Փանջաբ քաղաքում գտնվող «Բրահմոս» հրթիռների պահեստը, ինչպես նաև վնասվելու են Ուդհամպուրի և Պատհանկոտի հնդկական ավիաբազաները։
Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Ռաջուրի, Ուդհամպուր և Սրինագար քաղաքներում մի շարք պայթյուններ են լսվել, հաղորդում է Times of India-ն։ Ջամմուում էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել։
Նշվում է, որ Հնդկաստանի Հարյանա նահանգում խոցվել է հեռահար գործողության «Ֆաթահ-II» հրթիռ, որը շարժվում էր դեպի Հնդկաստանի մայրաքաղաք Դելի, կրակոցներ են լսվել Պակիստան-Հնդկաստան սահմանի երկայնքով։
Պակիստանի օդային տարածքը փակ է բոլոր չվերթերի համար։ Հնդկաստանի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են 32 օդանավակայանի գործունեությունը մինչև մայիսի 15-ի առավոտ։
Պակիստանի կողմից Հնդկաստանի դեմ ռազմական գործողությունը պաշտպանական բնույթ է կրում, Geo TV-ին ասել է Պակիստանի փոխվարչապետ Իսհակ Դարը։
Նա շեշտել է, որ Զինված ուժերը գտնվում են բարձրացված պատրաստվածության վիճակում և լիովին պատրաստ են գործողությունների։ Նրա խոսքով՝ այժմ աշխարհի մյուս երկրների գործն է «Հնդկաստանին ստիպել գիտակցել իր սխալների լրջությունը»։
«Մենք չենք կարող պարզապես սպասել, մինչ Հնդկաստանը շարունակում է իր սադրանքները։ Հաղթանակը կլինի Պակիստանինը»,- ասել է Դարը։
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Հնդկաստանի՝ 1960 թվականի Ինդոս գետի մասին պայմանագիրը կասեցնելու որոշումը, որի համաձայն գետը վերահսկող Դելին համաձայնել էր չսահմանափակել Իսլամաբադին մատակարարվող ջրամատակարարումը։ Գերատեսչությունը շեշտել է, որ համաձայնագիրը չի նախատեսում գործողության կասեցում և մնում է պարտադիր կատարման համար։
Միջուկային ուժ ունեցող երկու հարևան պետությունների միջև լարվածությունը կտրուկ աճել էր Հնդկաստանի Փահալգամ նահանգում ապրիլի 23-ի զինված հարձակումից հետո, որի հետևանքով կար 26 զոհ: Դելին մեղադրել էր Իսլամաբադին ահաբեկչության մեջ ներգրավված լինելու համար։ Մայիսի 7-ին Հնդկաստանը հայտարարել էր, որ հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանի կողմից վերահսկվող տարածքներում գտնվող ինը թիրախի՝ պնդելով, որ հարվածել է «ահաբեկչական ենթակառուցվածքների» նպատակակետերին։ Պակիստանի ԶՈւ-ն արձագանքել էր հակահարվածներով։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հնդկաստանն իր տարածքում տեղի ունեցած ահաբեկչությանն արձագանքելու իրավունք ուներ։