Թեհրանն Օմանում կայացած բանակցությունների ժամանակ Վաշինգտոնին հայտնել է, որ պատրաստ է սահմանափակել ուրանի հարստացումը, եթե իրեն տրվեն հուսալի երաշխիքներ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին չի հրաժարվի գործարքից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Թեհրանի համար սահմանել է «կարմիր գծեր», որոնց շուրջ բանակցությունների ընթացքում որևէ զիջում չի կարող արվել, հայտնել է աղբյուրը։ «Կարմիր գծերը» նախատեսում են, որ Իրանը երբեք չի համաձայնի ապամոնտաժել իր ուրանի հարստացման ցենտրիֆուգները, ամբողջությամբ դադարեցնել հարստացումը կամ կրճատել հարստացված ուրանի քանակը 2015 թվականի միջուկային համաձայնագրով պահանջվող մակարդակից ցածր։ Թեհրանը նաև չի բանակցելու իր հրթիռային ծրագրի շուրջ։
«Օմանում անուղղակի բանակցությունների ժամանակ Իրանը հասկացավ՝ Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը դադարեցնի բոլոր միջուկային գործունեությունը, և սա կարող է դառնալ Իրանի և ԱՄՆ-ի միջև անկեղծ բանակցություններ սկսելու ընդհանուր հիմք»,- գործակալությունը մեջբերում է աղբյուրին։
Նրա խոսքով՝ Օմանում կայացած բանակցություններում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ իր միջուկային գործունեության խաղաղ բնույթի երաշխիքներ տրամադրելու համար, սակայն այդ համագործակցության դիմաց Վաշինգտոնը պետք է անհապաղ վերացնի Իրանի նավթային և ֆինանսական ոլորտների դեմ պատժամիջոցները։
Ապրիլի 12-ին Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն Օմանում անուղղակի բանակցություններ էին վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել էր, որ խորհրդակցություններն անցել են «կառուցողական մթնոլորտում և հիմնված փոխադարձ հարգանքի վրա»: ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը բանակցությունները որակել էր «կառուցողական»։