ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է Ֆրանսիայում Ուկրաինայի հետ շփումների մասին, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Ըստ հաղորդագրության՝ Լավրովը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ՝ ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառները վերացնելու համար։
Փարիզում գտնվող ԱՄՆ պետքարտուղարն, իր հերթին, իր ռուս գործընկերոջը տեղեկացրել է Ուկրաինայի, Ֆրանսիայի և մի շարք այլ եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ իր և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆի շփումների մասին։
Ըստ պետքարտուղարության՝ Ռուբիոն Լավրովին փոխանցել է նույն ուղերձը, ինչ ԱՄՆ-ի թիմը փոխանցել էր ուկրաինական պատվիրակությանը և եվրոպացի դաշնակիցներին Փարիզում։
«Նախագահ Դոնալդ Թրամփը և Միացյալ Նահանգները ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի, և այժմ բոլոր կողմերին ներկայացրել են կայուն և երկարատև խաղաղության ուրվագծերը։ Փարիզում ԱՄՆ շրջանակին ցուցաբերված խրախուսական ընդունելությունը ցույց է տալիս, որ խաղաղությունը հնարավոր է, եթե բոլոր կողմերը պարտավորվեն համաձայնության գալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։
Մարտի 12-ին Ռուբիոն Ռուսաստանին կոչ էր արել 30-օրյա հրադադար հաստատել Ուկրաինայում։ Մարտի 11-ին Կիևը համաձայնել էր ընդունել ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Մոսկվան համաձայնել էր ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին այն պայմանով, որ դրանք պետք է հանգեցնեն երկարաժամկետ խաղաղության:
Ապրիլի 10-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն Ստամբուլում բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել մշակել «ճանապարհային քարտեզ»՝ ամերիկյան իշխանությունների կողմից բռնագրավված վեց ռուսական դիվանագիտական օբյեկտները վերադարձնելու համար։ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Ստամբուլի բանակցությունները «կառուցողական» էին։