Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) հայտարարել է անհապաղ հրադադարի մասին՝ անսալով խմբավորման բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կոչին, հայտնում է Reuters-ը։
Իր հայտարարության մեջ խմբավորումը նշել է, որ անհապաղ կդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները, եթե ինքը հարձակման չենթարկվի: PKK-ն ընդգծել է, որ զինաթափման գործընթացի հաջող ընթացքի համար պետք է ստեղծվեն անհրաժեշտ քաղաքական և ժողովրդավարական պայմաններ։
Խմբավորումը նաև նշել է, որ այնպիսի հարցեր, ինչպիսիք են զենքի հանձնումը, կարող են իրականացվել միայն Օջալանի գործնական ղեկավարման ներքո։ PKK-ն պատրաստակամություն է հայտնել Օջալանի կոչով հրավիրել համագումար՝ ընդգծելով, որ պետք է ստեղծվեն անվտանգության անհրաժեշտ պայմաններ, որպեսզի նա կարողանա «անձնամբ ղեկավարել ու կառավարել» համագումարի աշխատանքները։
Գործակալությունը նշել է, որ Օջալանի՝ PKK-ին զինաթափելու կոչը ողջունել են ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ինչպես նաև Իրանը և Իրաքը։
27-ին թուրքական բանտում ցմահ ազատազրկված Օջալանը կոչ էր արել PKK-ի անդամներին դադարեցնել զինված առճակատումը Անկարայի հետ, վայր դնել զենքերը և ցրել PKK-ն։ 2024 թվականի հոկտեմբերին Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին առաջարկել էր Օջալանին իր մարտիկներին հրամայել դադարեցնել մարտերը։