Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարան) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության արդյունքը պարտություն է անվանել՝ ընդունելով դրա համար իր պատասխանատվությունը, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Սա դառը արդյունք է կուսակցության համար, սա կորուստ է ընտրություններում»,- ասել է Շոլցը Բեռլինում SPD-ի կենտրոնակայանում՝ այսօր կայացած քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո։
Շոլցը նշել է, որ 2021 թվականին ինքը կարողացել է հաղթանակ տանել և որ վերջին քվեարկության ժամանակ պարտությունը նույնպես նրա պատասխանատվությունն է. «Ես պատասխանատու եմ այս արդյունքի համար»,- ասել է կանցլերը։
Նա նաև շնորհավորել է Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միության պահպանողական դաշինքի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցին հաղթանակի կապակցությամբ։
Ըստ ARD հեռուստաալիքի էքզիթ փոլլի տվյալների՝ Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միության պահպանողական դաշինքը հաղթում է ընտրություններում՝ հավաքելով ձայների մոտ 29%-ը, սոցիալ-դեմոկրատները՝ պատմականորեն ցածր՝ 16% արդյունքով, երրորդ տեղում են «Այլընտրանք Գերմանիայի համար»-ից հետո։