ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Անդրկովկասում տիրող իրավիճակը, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Ըստ հայտարարության՝ քննարկմանը մասնակցել են ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ջիհան Սուլթանօղլուն, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահի Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Քրիստոֆ Սպաետին և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
Այս տարվա մարտին նախատեսված IDS-ի (Միջազգային քննարկումներ Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ) հաջորդ փուլի նախապատրաստման համատեքստում դիտարկվել են մասնակիցների առաջնահերթ խնդիրները։ Ըստ գերատեսչության՝ դրանք առնչվում են հիմնականում ուժի չկիրառմանը, ինչպես նաև վրաց-աբխազական և վրաց-հարավօսական սահմանային տարածքներում կայուն իրավիճակի պահպանմանը, այդ թվում՝ պետական սահմանների սահմանազատման միջոցով։
Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ միջազգային քննարկումներն անցկացվում են Ժնևում 2008 թվականից Աբխազիայի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հարավային Օսիայի մասնակցությամբ՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչների միջնորդությամբ։ Ավանդաբար աշխատանքներն իրականացվում են երկու աշխատանքային խմբերով՝ անվտանգության և հումանիտար հարցերով: Ժնևյան քննարկումները մնում են Սուխումիի, Թբիլիսիի և Ցխինվալի միջև երկխոսության միակ հարթակը։