Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն ազատել է ևս երեք պատանդի և նրանց հանձնել Կարմիր խաչին, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Աննա Ուկոլովան։ Նրանք տեղափոխվել են Իսրայելի տարածք։
Ազատ արձակվածներն են 29-ամյա Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Տրուֆանովը, 36-ամյա Սագի Դեկել Չենը, ով բացի Իսրայելի քաղաքացիությունից, ունի նաև ԱՄՆ քաղաքացիություն և 46-ամյա Յաիր Հորնը, որը հայրենադարձ է Արգենտինայից։ Երեքն էլ առևանգվել էին Գազայի հատվածի հետ սահմանին՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։
Ըստ աղբյուրի՝ Տրուֆանովը գերեվարվել էր տատիկի՝ Իրենա Տատիի, մոր՝ Ելենայի և ընկերուհու՝ Սապիր Կոյենի հետ։ 2023 թվականի նոյեմբերին կանայք ազատ էին արձակվել։
Հարձակման ժամանակ Տրուֆանովը վիրավորվել էր: Նախօրեին ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ Տրուֆանովն ազատ է արձակվելու՝ ի նշան «Պաղեստինի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման հարգանքի»։
Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Համաձայնագիրը նախատեսում էր հրադադարի նախնական փուլ 6 շաբաթ ժամկետով և ներառում էր Գազայի հատվածից իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերում, իսրայելցի պատանդների ազատ արձակում՝ Իսրայելի կողմից պահվող պաղեստինցի բանտարկյալների դիմաց: Պայմանավորվածության առաջին փուլը նախատեսում էր 33 իսրայելցի պատանդների ազատում, ներառյալ՝ բոլոր կանանց, երեխաներին և 50 տարեկանից բարձր տղամարդկանց: Այս փուլում արդեն ազատ է արձակվել 21 պատանդ։
Փետրվարի 10-ին ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ Իսրայելի կողմից հրադադարի մասին համաձայնագրի խախտումների պատճառով հետաձգել է Գազայի հատվածում պահվող պատանդների նոր խմբի ազատման գործընթացը: Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր մինչև փետրվարի 15-ի կեսօր ազատ արձակել բոլոր պահվող պատանդներին՝ հայտարարելով, որ եթե պահանջը չկատարվի, ապա «դժոխք կբռնկվի»։