ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 14-ին Մյունխենում ուկրաինական հակամարտության հարցով կայանալիք բանակցություններից առաջ ՌԴ-ին ռազմական գործողություններով ու պատժամիջոցներով է սպառնացել, գրում է The Wall Street Journal-ը։
«ԱՄՆ-ն Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ և, հնարավոր է, ռազմական գործողություններ կկիրառի, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չհամաձայնի Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրին, որը Կիևին երաշխավորում է երկարաժամկետ անկախություն»,- ասել է Վենսը։
Նրա խոսքով՝ եթե Մոսկվան չկարողանա բարեխղճորեն բանակցել, ԱՄՆ-ն կարող է Ուկրաինա ամերիկյան զորք ուղարկել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ փետրվարի 14-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները կհանդիպեն Գերմանիայում՝ քննարկելու ուկրաինական հակամարտությունը։ Նա հավելել էր, որ որ հաջորդ շաբաթ նախատեսվում է հանդիպում Սաուդյան Արաբիայում։