New Glenn հրթիռը հինգշաբթի ավարտել է իր առաջին փորձնական թռիչքը, հայտնել է արձակման սարքը մշակող ամերիկյան Blue Origin ընկերությունը, որը պատկանում է միլիարդատեր և Amazon.com-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին, փոխանցել է «Ինտերֆաքս»-ը։
Արձակումը տեղի է ունեցել Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանում գտնվող ԱՄՆ տիեզերական ուժերի բազայից՝ Արևելյան ափի ժամանակով ժամը 02:03-ին (Մոսկվայի ժամանակով 10:03-ին):
Փորձարկման շրջանակում հրթիռը ուղեծիր է դուրս բերել Blue Ring կոչվող փորձնական բեռը, որը մի օր կարող է սպասարկել առևտրային և պետական հաճախորդներին, ներառյալ՝ Պենտագոնը:
Այնուամենայնիվ, հրթիռի առաջին բազմակի օգտագործման փուլը չի կարողացել կատարել պլանավորված վայրէջքն Ատլանտյան օվկիանոսի Ջեքլինի ծովային հարթակի վրա և ընկել է ծովը:
New Glenn հրթիռն ունի 98 մետր բարձրություն և բաղկացած է երկու մասից։ Առաջինը բազմակի օգտագործման է և կարող է օգտագործվել մինչև 25 անգամ: Փոխադրողն ունակ է մինչև 45 տոննա օգտակար բեռ հասցնել Երկրի ցածր ուղեծիր և 13 տոննա՝ գեոստացիոնար ուղեծիր։