Իսրայելի կողմից Լիբանանի տարածքում սեպտեմբերի 23-ից իրականացրած ավիահարվածների հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 500-ի, հայտնել է Al Jazeera-ն՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը։
Զոհերի թվում 50 երեխա կա, ասված է հրապարակման մեջ։ Նշվում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ փախչում են Հարավային Լիբանանից՝ պատկերացում չունենալով, թե որտեղ պետք է ապաստան գտնեն։
Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շիական խմբավորումը հայտարարել է, սեպտեմբերի 24-ին Բեյրութի հարավային արվարձաններին Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով սպանվել է բարձրաստիճան առաջնորդ Իբրահիմ Մուհամմադ Գուբայսին։
Իսրայելը սեպտեմբերի 23-ի առավոտյան հարվածներ էր հասցրել «Հեզբոլլահի» օբյեկտներին: Նույն օրն Իսրայելը ռազմական գործողություն էր սկսել։ Իսրայելն ու «Հեզբոլլահը» սեպտեմբերի 22-ին ծանր հարվածներ էին հասցրել միմյանց։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայաններ և թիրախներ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին:
Սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում տարբեր էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահի» կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյունների հետևանքով զոհվել էր 37 անձ և վիրավորվել մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին: