Հնդկաստանը Բանգլադեշից տարհանել է ավելի քան 4,5 հազար ուսանողի՝ երկրում պետական աշխատատեղերի քվոտաների համակարգի դեմ բողոքի ցույցերի ու անկարգությունների ֆոնին, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Հնդկաստանի ԱԳՆ-ին։
Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Բանգլադեշից տարհանվել են նաև Նեպալի, Մալդիվների և Բութանի քաղաքացիները։ Ինչպես նշվում է, Դաքայում Հնդկաստանի դեսպանատունը կանոնավոր կապեր է պահպանում տեղական իշխանությունների հետ՝ Հնդկաստանի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին Բանգլադեշի Գերագույն դատարանը կիրակի օրը հայտարարել էր պետական աշխատատեղերի քվոտաների մասին իր որոշումը՝ երեք անգամ կրճատելով դրանց թիվը։
Դատարանի որոշմամբ՝ քվոտա չունեցող թեկնածուները կկարողանան դիմել պետական աշխատատեղերի 93%-ի համար։ Միաժամանակ, քաղաքացիական ծառայության պաշտոնների 5%-ը կպահպանվի պատերազմի վետերանների երեխաների համար, իսկ պաշտոնների 2%-ը հատկացվելու է մի շարք այլ կատեգորիաների անձանց։ Դատարանի որոշումը կայացվել է Բանգլադեշում պարետային ժամի, բջջային ցանցերի ու ինտերնետի արգելքի ֆոնին։