Ռուսական հեռուստաալիքները չեն ցուցադրի 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերը, հայտնում է Sports.ru-ն։ Նշվում է, որ Օլիմպիական խաղերը 40 տարվա մեջ առաջին անգամ չեն ցուցադրվելու ՌԴ-ում։
«Վաղուց քաղաքական որոշում է կայացվել, որ ներկա իրողություններում անհնար է «Առաջին»-ով և «Ռոսիա-1»-ով առանց դրոշի և օրհներգի ցուցադրել Օլիմպիական խաղերը»,- գրում է հրատարակությունը։
Աղբյուրը հայտնում է, որ քննարկվել է խաղերը «Մատչով» հեռարձակելու տարբերակը, սակայն երբ պարզվել է, որ ոչ ռեյտինգային սպորտաձևերից միայն 15 ռուս մարզիկների են թույլատրել մասնակցել, ալիքի ղեկավարությունը չարդարացված է համարել գնման իրավունքի ծախսերը։
Okko հոսքային ծառայությունը մտածում էր խաղերի հեռարձակման իրավունքները գնելու մասին, բայց ի վերջո՝ հրաժարվել է։
«Մենք կարծում ենք, որ հաշվի առնելով ռուս մարզիկներին խաղերից հեռացնելը, միջոցառումը Ռուսաստանի հանդիսատեսի համար մեծ հետաքրքրություն չի ներկայացնում»,- մեկնաբանել են ծառայության ներկայացուցիչները։
Նախկինում Օլիմպիական խաղերը Ռուսաստանում չեն ցուցադրվել 1984 թվականին՝ ԽՍՀՄ ղեկավարության կողմից Լոս Անջելեսի խաղերը բոյկոտելու պատճառով։