ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կատակել է, որ բժիշկները, ովքեր նախկինում իրեն վիրահատել են ներգանգային անևրիզմով պայմանավորված, կատարել են այս վիրահատությունը՝ համոզվելու համար, որ նա ուղեղ ունի, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ես ունեի այդ սարսափելի գլխացավերը: Դե, ամեն դեպքում, նրանք ստիպված էին մի երկու անգամ գլխիս վերևը կտրել, որպեսզի տեսնեն, թե արդյոք ուղեղ ունե՞մ»,- քմծիծաղ տալով ասել է մերիկացի առաջնորդը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում հրշեջների արհմիության դիմաց կազմակերպված քարոզարշավի ժամանակ։
ԱՄՆ 80-ամյա նախագահը հավելել է․ «Բայց եթե լուրջ, ձյուն էր գալիս, և ինձ մոտ ուղեղի անոթների անևրիզմ սկսվեց։ Ինձ անհապաղ վիրահատություն էր պետք»։
Բայդենն ընդգծել է, որ այն ժամանակ իրեն հաջողվել է ժամանակին հասցնել վիրահատական սեղանին բացառապես հրշեջների շնորհիվ, որոնք նրան անհապաղ տեղափոխել են Վաշինգտոնի արվարձանում գտնվող Ուոլթեր Ռիդ ռազմական բժշկական կենտրոն՝ չնայած վատ եղանակին։ Նրան այնտեղ են տեղափոխել Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքի հիվանդանոցից: Նախագահի խոսքով՝ ուղղաթիռով հնարավոր փոխադրումներից ստիպված են եղել հրաժարվել ձյան տեղումների պատճառով։
«Այնպես որ, իմ հրշեջ ծառայությունը ինձ տարավ Ուոլթեր Ռիդի կենտրոն՝ ձնաբքի մեջ ինը ժամ տևած վիրահատության և փրկեց իմ կյանքը»,- ասել է Բայդենը:
Իրադարձությունները, որոնց մասին հիշել է ԱՄՆ նախագահը, տեղի են ունեցել 1988 թվականի փետրվարին։ Բայդենն այն ժամանակ 45 տարեկան էր, նա Կոնգրեսի Սենատի անդամ էր (Դելավեր քաղաքից): 1988 թվականի մայիսին նա հաջողությամբ ենթարկվել է գլխուղեղի անևրիզմի երկրորդ վիրահատության։