Իրանը պաշտոնապես հրաժարվել է առանցքային պահանջից, որը մեծ խոչընդոտ էր իրանական միջուկային համաձայնագիրը վերսկսելու ջանքերում: Այս մասին CNN-ին հայտնել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։
Ի պատասխան Եվրամիության միջուկային համաձայնագրի նախագծին, որը ԵՄ-ն որակել է որպես «վերջնական» նախագիծ, Իրանը չի պահանջել, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հանվի Պետդեպարտամենտի օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից. ասել է պաշտոնյան՝ նշելով, որ ԱՄՆ-ն բազմիցս և հետևողականորեն մերժել է այդ պահանջը։ «Այնպես որ, եթե մենք ավելի մոտ ենք գործարքին, ապա միայն դրա համար»։
Իրանցիները նաև հրաժարվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված մի քանի ընկերությունների ցուցակից հանելու պահանջներից, ասել է պաշտոնյան:
Նա հավելել է, որ թեև գործարքն այժմ «ավելի մոտ է, քան երկու շաբաթ առաջ, արդյունքն անորոշ է մնում, քանի որ որոշ բացեր կան։ Նախագահ Բայդենը կհաստատի միայն այն գործարքը, որը բխում է մեր ազգային անվտանգության շահերից»։
Առաջընթացն այսուհետ կարող է դանդաղ լինել, ասել է վարչակազմի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա: Բայց հիմա կարծես թե ավելի շատ իմպուլս կա, քան վերջին տարվա ընթացքում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամիսներ շարունակ պնդում էր, որ ԻՀՊԿ-ն որպես ահաբեկչական կազմակերպություն չի ճանաչի՝ միջուկային գործարքը վերսկսելու համար, որը հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր:
Այս քաղաքականությունը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ընդունված մի քանի որոշումներից մեկն է, որոնց աջակցում էր Բայդենը. Թրամփի վարչակազմը 2019 թվականին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն անվանել էր ահաբեկչական կազմակերպություն՝ որպես «առավելագույն ճնշման արշավի» մաս, որը պարտադրվել էր այն բանից հետո, երբ Թրամփն ԱՄՆ-ն դուրս բերեց գործարքից 2018 թվականին: Բայդենի վարչակազմը նաև շարունակեց նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, քանի որ միջուկային համաձայնագրի բանակցությունները ձգձգվում էին:
Թեև ԱՄՆ-ը կարծում է, որ մեկ հիմնական խոչընդոտ վերացվել է, մյուս խոչընդոտները մնում են: Դրանք ներառում են Թեհրանի կողմից հավաստիացումները, որ այն կփոխհատուցվի, եթե ԱՄՆ ապագա նախագահը դուրս գա գործարքից: Այնուամենայնիվ, պաշտոնյաներն ասում են, որ ԱՄՆ-ը հասկացրել է Իրանին, որ չի կարող ո՛չ ապագա վարչակազմերին կապել գործարքի հետ, ո՛չ էլ փոխհատուցում խոստանալ, եթե ԱՄՆ նախագահը երբևէ դուրս գա դրանից: