Ռուսաստանի հետ բանակցությունների մեկնած ուկրաինական պատվիրակությունն արդեն Բելառուսի տարածքում է, հայտնում է Sputnik Բելառուսը՝ վկայակոչելով գործընթացին մոտ կանգնած աղբյուրը։
«Ուկրաինական պատվիրակությունն արդեն գտնվում է բանակցությունների վայրի մուտքի մոտ։ Սպասվում է, որ ռուս բանակցողների հետ հանդիպումը կսկսվի այսօր առավոտյան»,- ասվում է գործակալության Telegram ալիքում։
Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը նշել է, որ վայրն արդեն պատրաստ է, և այժմ սպասվում է պատվիրակությունների ժամանումը։
Բանակցողների ռուսական պատվիրակությունը Բելառուսի Գոմելի շրջանում սպասում է ուկրաինական կողմին։
«Մենք սպասում ենք բանակցությունների մեկնարկին, ուկրաինական պատվիրակությունը դեռ չի ժամանել, հանդիպումը պետք է կայանա երկուշաբթի առավոտյան Գոմելի շրջանում առաջիկա մի քանի ժամվա ընթացքում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ բանակցությունների համակազմակերպիչներին մոտ կանգնած բելառուս քաղաքագետ Յուրի Վոսկրեսենսկին ասել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցից հետո Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է պատվիրակություն ուղարկել Բելառուս՝ բանակցությունների։
Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ Ուկրաինան համաձայնության է եկել Գոմելի շրջանում բանակցությունների շուրջ, այնտեղ է գնացել ռուսական պատվիրակությունը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ դրան նախորդել է Լուկաշենկոյի և Զելենսկու հեռախոսազրույցը։ Ավելի ուշ Sputnik Բելառուսը հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վայրը լինելու է Ալեքսանդրովկա-Վիլչա անցակետը։