Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 300 000 դրամով տուգանել է Մասիս համայնքի ընդդիմադիր ղեկավար, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի գործընթացով «Պատիվ ունեմ»-ի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ հրապարակման՝ հանձնաժողովը հիմք է ընդունել այն, որ Մասիսի համայնքապետարանը 384 մլն դրամի պայմանագիր է կնքել ավագանու անդամ Կարեն Արամայիսյանի հոր ու եղբոր ընկերության հետ։
ԿԿՀ-ն գտել է, որ կա շահերի բախում, քանի որ Արամայիսյանը 2021թ. ընտրություններին մասնակցել է «Դավիթ Համբարձումյան» դաշինքով և այժմ ավագանու անդամ է, նշել է թերթը։
Լրատվականը հավելել է, որ Համբարձումյանը, ըստ ԿԿՀ-ի, պարտավոր էր շահերի բախման մասին գրավոր հայտարարություն ներկայացնել իրենց։
Համբարձումյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի անդամ է։ Ապրիլին ընդդիմադիր գործիչներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը իմփիչմենթ անցկացնելու կոչով դիմել էին խորհրդարանի պատգամավորներին: «Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստակամություն էր հայտնել աջակցել այս նախաձեռնությանը և առաջադրել Համբարձումյանի թեկնածությունը, մինչդեռ «Հայաստան» դաշինքը կասկածի տակ էր դրել նախաձեռնության հեղինակների անկեղծությունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար նախ փողոցային ճնշումների կոչ էր արել:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ավելի վաղ դուրս եկած պատգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի պաշտոնում առաջարկել էին ՀՀ հատուկ հանձնարարարություններով դեսպան նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, և բանակցություններ սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ։