Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը վճիռ չի ընդունել, այլ որոշում, 24News-ին հայտնել է ՀԷՑ-ում պետության կողմից ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը։
Ըստ նրա՝ ՀՀ առևտրային արբիտրաժի մասին օրենքով հայցորդները դեռևս պետք է Առաջին ատյանի դատարան դիմեն, որոշումը դատարանը ճանաչի, դրա վերաբերյալ կատարողական թերթիկ տա, նոր այն կատարման ենթակա վճիռ կդառնա։
«Դատական վճռի ընդունումից հետո միայն կխոսենք հաղթելու, պարտվելու կամ գործընթացն ավարտին հասցնելու մասին»,- ասել է նա։
Պետրոսյանը նաև տեղեկացրել է, որ ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակի տնօրենության կազմում նոր նշանակումներ են կատարվել, որոնց մասին վաղը հաղորդագրություն կտրվի։ Նա չի մասնամասնել, թե ով է նորանշանակ տնօրենը։
Հուլիսի 23-ին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը հայտնել էր, որ Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել են Հայաստանի կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը՝ ՀԷՑ ընկերության պետականացման հարցով։ ՀՀ կառավարությունն արձագանքել էր այս լուրին՝ նշելով, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի՝ հրատապ գործով քննված հարցերի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունները:
Հայաստանի խորհրդարանը հուլիսի 3-ին ընդունել էր մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող ՀԷՑ-ը պետության վերահսկողության տակ վերցնելուն։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել էր ընկերության պետականացումն ապահովող օրենքները։
Կարդացեք նաև՝