Ադրբեջանում ձերբակալվել են Ռուսաստանի քաղաքացիներ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության և կիբեռհանցագործությունների կասկածանքով, գրում են ադրբեջանական լրատվական գործակալությունները:
Հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները ձերբակալում մի խումբ անձանց՝ պնդելով, որ նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են։ Ադրբեջանի ՆԳՆ-ի պաշտոնական աղբյուրները չեն հրապարակել հայտարարություններ այս ձերբակալության վերաբերյալ։
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները լարվել են հունիսի 28-ին Եկատերինբուրգում Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալությունից հետո։ Քննչական մարմինների վարկածով՝ ձերբակալվածները կարող էին առնչություն ունենալ 2000-ական թվականներին Եկատերինբուրգում կատարված սպանությունների շարքին։ Հիմնական երկու կասկածյալները՝ եղբայրներ Զիադին և Հուսեյն Սաֆարովները, ըստ իրավապահների, մահացել են ձերբակալումից հետո սուր սրտային անբավարարությունից։
Ադրբեջանի մշակույթի նախարարությունը չեղարկել է Ռուսաստանից պետական և մասնավոր կազմակերպությունների հետ կապված բոլոր միջոցառումները, ձերբակալել ռուսական Sputnik Ադրբեջան գործակալության երկու աշխատակցի: Հուլիսի 1-ին Բաքվում քրեական գործ է հարուցվել՝ Ռուսաստանում «ադրբեջանցիների նկատմամբ խոշտանգումների և սպանությունների փաստով»: