ԱԱԾ-ն պետք է աշխատի ՀՀ-ում ազդեցության գործակալների ինստիտուտի վրա, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ծառայության նոր տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին։
Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ի առջև այսօր ծառացած մարտահրավերները հիբրիդային են` ունեն ահաբեկչության, սահմանադրական կարգի խախտման և հակահետախուզական բնույթի հատկանիշներ:
«Աշխարհում հիմա շատ է քննարկվում հիբրիդային սպառնալիքների համակարգը, և ես կուզենայի, որ մենք այս երեք գործառույթի կատարման համատեքստում մեր ընկալումները նույնպես ընդլայնեինք»,- շեշտել է Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ պետք է կանխել ՀՀ քաղաքացի չհանդիսացող մարդկանց կողմից Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու փորձերը, «ընդ որում՝ ամենառադիկալ հայտարարություններ անելով»։
«Աշխարհի ոչ մի երկրում չկա նման նախադեպ, ուղղակի չի կարող այդպիսի բան լինել ի բնե։ Բայց ես չեմ հասկանում՝ ո՞նց կարող են ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ-ում քաղաքական գործունեություն ծավալել»,- ընդգծել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ում կան «օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվող անձինք», որոնք «հաճախ ստեղծում են անվտանգային սպառնալիքներ՝ գաղտնի տեղեկություններ փոխանցելով օտարերկրյա հատուկ ծառայություններին»։
«Ազդեցության գործակալների համակարգը հիբրիդային սպառնալիքների համատեքստում թիրախավորում է մեր պետությունը, մեր ինքնիշխանությունը, որն արտահայտում է ՀՀ քաղաքացիների՝ սեփական երկրի ճակատագրի, իրավունքի իրավասության ազատության համակարգը՝ կասկածի տակ դնելով և քայքայիչ գործողություններ իրականացնելով»,- նշել է նա։
Վարչապետի կարծիքով՝ այն բոլոր դեպքերում, երբ ակնհայտ է, որ նման հայտարարությունները չեն կրում հանկարծակի, էմոցիոնալ բնույթ և հատում են ՔՕ սահմանները, ՀՀ իրավապահ համակարգը պետք է արձագանքի, իսկ ԱԱԾ-ն՝ որպես սահմանադրական կարգի պահպանության ոլորտի պատասխանատու, ևս պետք է արձագանքի նման դեպքերին։