Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորումը հզոր ազդակ կդառնա Եվրոպայի համար առ այն, որ հակամարտությունը կարելի է լուծել դիվանագիտական ջանքերով, «Երևանյան երկխոսություն» միջազգային 2-րդ համաժողովին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն (ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի ալիքում)։
«Այս տարի ավելի վաղ արված հայտարարությունը (խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ աշխատանքն ավարտելու մասին-խմբ․) վճռորոշ քայլ է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ճանապարհին։ Կարևոր է պահպանել և ապահովել այդ գործընթացի սահուն ավարտը»,- նշել է Ֆիցոն։
Սլովակիայի վարչապետը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությանը, քանի որ, նրա խոսքով, «դրա արժեքը բազմիցս ապացուցվել է»։
Նա նաև իր աջակցությունն է հայտնել Հայաստան-ԵՄ ավելի սերտ հարաբերություններին:
«Սլովակիան պատրաստ է կիսվել իր փորձով շուկայական և սոցիալական բարեփոխումների, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներուժի լիարժեք իրացման, ԵՄ-Հայաստան վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության հարցերում»,- եզրափակել է Ֆիցոն:
Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆիցոյի հետ համատեղ ասուլիսում հայտնել է, որ նրա հրավերով կայցելի Սլովակիա:
Սլովակիայի վարչապետը Հայաստանում է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում։