Երևանի Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել, գրել է ArmLur-ը։
Ըստ հրապարակման՝ նա առավոտյան գնացել է թաղապետարան և աշխատակիցներին հրաժեշտ է տվել։
Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչության պետի պաշտոնակատար Օֆելյա Սիմոնյանն Armenia Today-ին հայտնել է, որ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չունի։
«Պաշտոնական հաստատում ունենալուն պես կհրապարակենք»,- ասել է նա։
Ինքը՝ թաղապետը, News.am-ին հայտնել է, որ գտնվում է աշխատասենյակում, պատրաստվում է երկու ժամից ընդունել քաղաքացիներին։
Ապրիլի 29-ին ակտիվիստ Արթուր Չախոյանը հայտարարել էր, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն սպառնացել, հայհոյել է իրեն և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին։ Վերջիններս թաղապետի նկարի վրա յոգուրտ էին լցրել։ Չախոյանն ապրիլի 29-ին գրել էր, որ գնալու է թաղապետարան՝ հանրային քննարկմանը մասնակցելու նպատակով:
Ապրիլի 30-ին, երբ Չախոյանն այցելել էր թաղապետարան, ծեծկռտուք էր տեղի ունեցել վարչական շրջանի ղեկավարի, նրա աջակիցների և Չախոյանի միջև, որից հետո վերջինիս ոստիկանությունից վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց, այնուհետ մեղադրանք առաջադրել։ ՔԿ-ն մայիսի 1-ին տեղեկացրել էր, որ ապրիլի 29-ի դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակներում քրհետապնդում էր հարուցվել 2 անձի նկատմամբ։ Ապրիլի 30-ի դեպքի առնչությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 4 անձի նկատմամբ։ ԶԼՄ-ները գրել էին, որ մեղադրանք է առաջադրվել նաև Տեր-Մարգարյանին։