ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։
Նշվում, որ զուգահեռաբար տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։
Ըստ հաղորդագրության՝ ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 68305 արձանագրություն, իսկ հուլիսի 4-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3072 դեպք։